diploma or certificate

Ուսուցումն ու զարգացումը կազմակերպությունների ներսում իրականացվող կարևոր գործողություններ են՝ անկախ այդ կազմակերպությունների մեծությունից։ Ամեն կազմակերպություն լավ վերապատրաստված աշխատակիցների կարիք ունի, որոնք ընդունակ են կատարել իրենց գործից բխող պարտականությունները։ Դասընթացները, ուսուցումը, կրթությունը գործողություններ են, որոնք մարդկանց թույլ են տալիս ձեռք բերել նոր գիտելիք, սովորել նոր հմտություններ և ձևավորել նոր պահվածք։ Չնայած դասընթացներն ու կրթությունն ունեն նմանություններ, սակայն դրանց միջև կան նաև տարբերություններ։ Դասընթացներն (թրեյնինգ) ուղղված են կոնկրետ գիտելիքի կամ հմտության ձեռքբերմանը։ Դրանք փորձում են մասնակիցներին սովորեցնել կոնկրետ գործողություններ կամ կոնկրետ աշխատանք։ Կրթությունն, ի տարբերություն դասընթացների, ավելի ընդհանուր է և փորձում է տրամադրել ընդհանուր գիտելիք, որը կարող է կիրառվել տարբեր իրավիճակներում։

Տարբերությունները ցույց տալու համար օրինակ կարող է ծառայել աշխատակցին կոնկրետ համակարգչային ծրագիր սովորեցնելը, որը նախատեսված է աշխատավարձերի հաշվարկն ավտոմատացնելու համար (սա դասընթացի տիպիկ օրինակ է)։ Սակայն, եթե աշխատակցին սովորեցնում եք, թե ինչպես ծրագրավորել համակարգիչը՝ օգտագործելով տարրական ծրագրավորման լեզու, ապա սա կհամարվի կրթություն։ Կոնկրետ համակարգչային ծրագրի սովորելն օգնում է աշխատակցին իրականացնել ու ավարտին հասցնել կոնկրետ գործողություն, իսկ համակարգչային լեզվի ուսումնասիրությունն օգնում է ձեռք բերել ընդհանուր գիտելիքներ, որոնք կարելի է կիրառել տարբեր իրավիճակներում։

Մյուս տարբերությունը, որը կա դասընթացի ու կրթության միջև, վերաբերվում է իրավիճակներին արձագանքելու շրջանակի վրա դրանց ունեցած ազդեցությանը։ Դասընթացները, սովորաբար, նեղացնում են արձագանքի շրջանակն այնպես, որ նույն դասընթացն անցած բոլոր աշխատակիցները կոնկրետ իրավիճակին սկսում են արձագանքել միևնույն ձևով։ Կրթությունը, հակառակը, լայնացնում է արձագանքի շրջանակը, այնպես, որ այն մարդիկ, որոնք ստացել են ընդհանուր գիտելիք, կոնկրետ իրավիճակի դեպքում, արձագանքում են տարբեր ձևերով։

Չնայած հակված ենք կրթությունն ասոցացնել ֆորմալ դասընթացների հետ, սակայն այն բիզնեսում տեղի ունեցող ուսուցման գործընթացների կարևոր մաս է։ Ուսուցման և զարգացման շատ ծրագրեր համատեղում են դասընթացներն ու կրթությունը։ Ղեկավարների զարգացման ծրագրերը, որպես կանոն, տալիս են ընդհանուր պատկերացումներ, որոնք ղեկավարները կարող են կիրառել տարբեր իրավիճակներում։

Կրթական և ուսուցման (դասընթացներ) ծրագրերի կառուցման մեջ կարելի է առանձնացնել գիտելիքի երկու տեսակ՝ բացահայտ և թաքնված։ Բացահայտ է համարվում այն գիտելիքը, որ կարելի է ձևակերպել, կոդավորել, փոխանցել մյուսներին։ Այսպիսի գիտելիք կարելի է գտնել ձեռնարկներում, գրքերում, բանաձևերում, առաջադրանքների նկարագրություններում։
Թաքնված գիտելիքն ավելի շատ վերաբերվում է անձնական փորձի հիման վրա ձևավորված անձնական գիտելիքին և սա ավելի դժվար է փոխանցել կամ բացատրել մյուսներին։ Քանի որ թաքնված գիտելիքն ավելի դժվար է կիսել մյուսների հետ, այն փոխանցվում է փորձի, մարդկանց հետ շփման և նրանց գործողությունները դիտարկելու միջոցով։ Խմբային նորմերն ու մշակութային արժեքները սովորաբար փոխանցվում են թաքնված գիտելիքի միջոցով և մարդիկ սովորում են դրանք, եթե այն անգամ հատուկ չի սովորեցվում։ Լավ կառուցված ուսումնական ծրագրերը կարող են հաջողությամբ օգնել աշխատակիցներին ստանալ թաքնված գիտելիքներ։
Սակայն թաքնված գիտելիքի մեծ մասը փոխանցվում է փոխգործակցության և փորձառությունների միջոցով, որոնք նախատեսված չեն շատ դասընթացների մեջ։

Ներքոնշյալ աղյուսակը պարունակում է դասընթացների և կրթության չափանիշների հակիրճ համեմատություն։

ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇԸ

ԴԱՍԸՆԹԱՑ/ԹՐԵՅՆԻՆԳ

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սահմանումը

Մարդկանց մոտ կոնկրետ գիտելիքի ու հմտության զարգացման գործընթաց է

Տեսական և ընդհանուր գիտելիքի զարգացման գործընթաց է

Ի՞նչ է սա

Հմտությունների զարգացման մեթոդ է

Սովորելու հիմնական ձևերից է

Հիմնված է

Գործնական կիրառության վրա

Ավելի շատ տեսական գիտելիք է ուսումնասիրում

Իրավիճակներին արձագանքելու շրջանակը

Նեղ է

Լայն է

Տևողությունը

Կարճ

Երկար

Պատրաստում է

Ներկա աշխատանքին

Ապագա աշխատանքին

Նպատակը

Բարձրացնել արտադրողականությունն ու կատարողականի մակարդակը

Զարգացնել մտածելու ու վերլուծելու, դատողություն անելու հմտությունները

Սովորեցնում է

Կոնկրետ թեմա

Հասկացություններ և կառուցվածք

Ashot Sargsyan