managing-training-in-difficult-times_Ուսուցման-ծախսերը-կրճատելու-11-լուծում

Ավելի հեշտ է կառավարել ուսուցման և զարգացման գործընթացները, երբ կազմակերպությունը եկամտաբեր է և բավականաչափ գումար է հատկացնում վերապատրաստման ծրագրերին, քան կազմակերպության համար դժվար ժամանակահատվածում։ Ուսուցումը սովորաբար դիտարկվում է որպես հայեցողական ծախս։ Սա է պատճառը, որ երբ ընկերությունները ստիպված են լինում կրճատել իրենց բյուջեն դժվար տնտեսական ժամանակաշրջանում, վերապատրաստման ծախսերը դիտվում են որպես կրճատման առաջին հնարավորություն։ Չնայած, ժամանակավորապես կրճատելով վերապատրաստման ծախսերը, կազմակերպությունները կարճաժամկետ հատվածում մեծ վնաս չեն կրի, երկարաժամկետ հատվածում դա կարող է հանգեցնել մեծ վնասների։

Վերապատրաստման որոշ ծրագրեր հնարավոր չէ դադարեցնել։ Կրճատելու մրցավազքի մեջ որոշ ղեկավարներ կարող են հաշվի չառնել այն հանգամանքները, որ ուսուցման որոշ ծրագրեր պարտադրված են օրենսդրությամբ. օրինակ՝ բարձր լարման էլեկտրասյուների վրա աշխատող մարդկանց լիցենզավորում, բարձրությունների վրա աշխատող մարդկանց համար անվտանգության կանոնների ուսուցում և սերտիֆիկացում և այլ նմանատիպ դասընթացներ, որոնք այս կամ այն երկրի օրենսդրության պահանջներն են։ Կան դասընթացներ, որոնք պարտադրված չեն օրենքով, սակայն դրանց կրճատումը կարող է հանգեցնել մեծ վնասների, կորուստների (օրինակ ֆիզիկական անվտանգության, տեղեկատվական անվտանգության և այլն)։

Երբ վերապատրաստման բյուջեն կրճատվում է, ուսուցման և զարգացման մասնագետներն ու փորձագետները կարող են որոշ ճշգրտումներ իրականացնել և օգտագործել ստեղծագործական մոտեցումներ՝ ուսուցման գործընթացի շարունակականությունն ապահովելու համար։

Ահա ուսուցման ծախսերը նվազեցնելու 11 առաջարկ և ձև.

 

1. Մեծացրեք դասընթացի մասնակիցների քանակն այնպես, որ նույն դասընթացին մասնակցի ավելի շատ աշխատակից։

2. Կրկնակի անգամ օգտագործեք դասընթացի նյութերը, եթե դա հեղինակային իրավունքի խախտում չէ։

3. Դասընթացներն իրականացրեք կազմակերպության ներսում՝ ներքին դասընթացավարների օգնությամբ և մի դիմեք արտաքին դասընթացավարների կամ ընկերությունների։

4. Վերլուծեք և հասկացեք, թե որ աշխատակիցներն ունեն դասընթացի իրական կարիք և բավարարեք միայն այդ հարցումները։

5. Կրճատեք ճամփորդության և կեցության ծախսերը՝ կազմակերպելով տեսա-դասընթացներ կամ տեսա, ձայնա կոնֆերանսներ։

6. Վերապատրաստումը համատեղեք ժողովների հետ։

7. Կրճատեք սնունդն ու ըմպելիքները։

8. Ստեղծեք գիտելիքների շտեմարան, որտեղ կհավաքեք տեղեկություններ բոլոր աշխատակիցներից և կտեղադրեք հարց ու պատասխաններ։

9. Դասընթացները տեղադրեք ցանցային հարթակներում, որպեսզի աշխատակիցները հնարավորություն ունենան այն դիտել այն ժամանակ, երբ իրենց հարմար է։

10. Աշխատակիցներին տեղեկացրեք առցանց ուսումնական կայքերի, ռեսուրսների, առանձին դասընթացներ մասին։

11. Կազմակերպության ներքին հարթակներում տեղադրեք գրքեր, ամսագրեր և ուսումնական այլ նյութեր, որոնք թույլ են տալիս զարգանալ և պարբերաբար անդրադարձեք դրանց առկայությանը։

Որոշ ընկերություններ կարծում են, որ տնտեսական ճգնաժամը աշխատակիցների գիտելիքների և հմտությունների զարգացման համար իդեալական ժամանակահատված է։

Աշխատակիցներին ազատելու փոխարեն, ստիպում են նրանց գալ աշխատանքի և հաճախել դասընթացների։ Օրինակ Տոյոտա ընկերությունն ուներ 4000 աշխատակից, որոնք 2008 թվականի տնտեսական ճգնաժամի ժամանակ իրենց ժամանակը ծախսում էին որակի վերահսկման ու արդյունավետության հմտությունները զարգացնելու, ոչ թե փոքր բեռնատարներ պատրաստելու վրա։ Այս վերապատրաստումներն օգնեցին նրանց հղկել իրենց հմտություններն ու ավելի լավ պատրաստվել մեքենաների կառուցման գործընթացի վերսկսելուն։ (Kate Linebaugh, “Toyota Keeps Idled Workers Busy Honing Their Skills,” WalI Street Journal, 13 October, 2008, 81.)

Խելամիտ աշխատակիցները ճգնաժամային իրավիճակն օգտագործում են որպես ընձեռնված հնարավորություն՝ իրենց հմտություններն ու գիտելիքները խորացնելու և բարելավելու համար։

Կարդացեք նաև, թե ի՞նչն է լավ՝ ունենալ դիպլոմ, թե սրտիֆիկատ:

Ashot-Sargsyan
Author: Ashot Sargsyan