Մենք ծնվում, մեծանում և ապրում ենք այն ինքնությամբ, որը մեր հագով կարել են մեր ծնողները, շրջապատը, հասարակությունը և շատ դեպքերում հենց այդ՝ ուրիշների կողմից կարված ինքնությունով էլ շատերս ապրում ենք մինչև կյանքի վերջ։

Իսկ ինչ, եթե այն մարդը, ում ամեն օր ֆիզիկապես քեզ հետ տանում ես ամեն տեղ, իրականում դու չես։ Հասկանում եմ, շատ պարադոքսալ մտքեր են։ Բացատրեմ․

Սովետական Միություն տեսած և նրանց հաջորդող սերունդներին, կարծում եմ, դեռ երկար տարիներ են պետք, իմ կողմից հորինված «հոսքագծային դաստիարակության» մեթոդներից դուրս գալու համար։ Հոսքագծային ասելով, նկատի ունեմ միանման, կրկնվող, ստանդարտին համապատասխանող երեխաներ՝ տղաներ և աղջիկներ դաստիարակելու միտքը։

Շատերդ, իհարկե, կպատկերացնեք ինչի մասին է խոսքը. չէ որ, երբ Հովհաննես Թումանյանի երկերի ժողովածուի հերթական համարը հայտնվում էր գրախանութում, բոլորը տեղյակ էին դրա մասին և հերթով, կարգով, շարքով գնում էին հերթական հատորը ձեռք բերելու։

Կամ, կհիշե՞ք խոհանոցային կարմիր գույնի ամանները՝ սպիտակ պուտիկներով, Ռիգայից բերված լավ որակի ներքնազգեստները և այլն, և այլն։

Չշեղվենք թեմայից։ Նույն գրքերի, խոհանոցային ամանների և ներքնազգեստների նման, որոնք կային բոլորի տներում, դաստիարակվում էին նաև երեխաները՝ բոլորը միանման, հերթով, կարգով, շարքով և ստանդարտից չշեղվելով։

Տղաները, սովորաբար, լսում էին հետևյալ արտահայտությունները՝ դու ուժեղ տղա ես, հանկարծ չլացես, դու պետք է մեծանաս և մեր ազգի հպատրությունը դառնաս, դու դասարանի ամենախելացին ես, երբ դպրոցն ավատրես, համալսարան կընդունվես և լավ պաշտոնի կլինես։ Հետո կամուսնանաս, երեխաներ կունենաս, տուն կկառուցես և ծառ կտնկես։

Իսկ աղջիկները, սովորաբար, լսում էին այսպիսի արտահայտություններ. դու պետք է լավ աղջիկ լինես, լսող լինես, մեր անունը բարձր պահես, հարևանները բա ինչ կասեն, հագ ու կապդ պետք է կոկիկ լինի, պետք է բոլոր կենցաղային հարցերում շատ բարձր կոմպետենտություն ունենաս, մեծանաս, ամուսնանաս, երեխաներ ունենաս, լինես հնազանդ, ամուսնուդ սիրող և հարգող կին։

Այս հրաշալի երեխաները մեծանում են՝ անելով այն ինչ ծնողները ցանկանում էին իրենց երեխաների համար։ Բայց ժամանակները փոխվում են, գլոբալիզացիան արդեն անցյալում է և այս խեղճ սիրունները մի օր իրենց հարց են տալիս. «ո՞վ եմ ես իրականում և ի՞նչ եմ ես ուզում անել ինքս ինձ համար»։

Զգացողությունները շատ տարբեր կարող են լինել այս հարցերն առաջանալու դեպքում։ Դրանք կարող են առաջացնել դատարկություն, մարդը կարող է այլևս իմաստ չտեսնել այն ամենի մեջ ինչով ամբողջ օրը զբաղված է, կարող է հիասթափվել, դեմոտիվացվել և այլևս առաջ գնալու ուժ չունենալ։

The good news is… Բարեբախտաբար, ժամանակակից մասնագիտությունները, ինչպես օրինակ քոուչինգը, հնարավորություն են ստեղծում նմանատիպ հարցերի պատասխանները գտնելու, կյանքը վերարժևորելու և նոր ուժով, նոր ինքնությամբ նորից սկսելու համար։

Իհարկե փոփոխությունները մեկ օրում տեղի ունենալ չեն կարող։

– Առաջինը, հենց այն գիտակցումն է, որ պետք է ինչ-որ բան փոխել, պետք է գտնել իսկական «ես»-ը։

– Այնուհետև գալիս է շատ հետաքրքիր ինքնաճանաչողության փուլ․ դու ինքդ քո մասին բացահայտում ես այնպիսի մանրամասներ, որոնք երբեք չես նկատել, դրանց մասին չես իմացել և չես մտածել այդ տեսնկյունից։ Սա ամենահետաքրքիր, երբեմն նաև «ամենաապտակող» մասերից է։ Պետք է պատրաստ լինել։

– Ինքնաճանաչումից հետո, սկսում է երկար ու բարդ աշխատանք․ անհրաժեշտ է պահպանել ձեռք բերածը և մնալ այնպիսին, ինչպիսին իսկապես ուզում ես լինել, թողնել այն ամենն, ինչ քեզ չի աջակցում և ստեղծել այն նոր «ես»-ը, որի միջոցով դու կարող ես ճախրել։ Այստեղ դու սկսում ես հաշտվել ինքդ քեզ հետ, սիրել ինքդ քեզ։ Առաջանում է ահռելի մեծ էներգիա, որն առաջ է տանում քեզ։

Այնպես որ, ամեն ինչ դեռ առջևում է։ Միշտ հիշիր՝ դու ունես բոլոր հնարավորություններն ու ունակությունները քո լավագույն տեսակը դառնալու համար։

Եթե այս թեման հետաքրքրեց և կցանկանաս անցնել մեկ անվճար քոուչինգ-ժամ, ապա կապ հաստատիր ինձ հետ և ես սիրով կկազմակերպեմ մեր հանդիպումը։

Սիրով՝ Լուիզա

Author:
Luiza Ries Yengibaryan